ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի այսօրվա նիստից հետո, որին հրավիրված էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նշեց, որ Հովիկ Աբրահամյանին հրավիրելու մասով որոշում չկա:
«Դա, գուցե, վատ է գնահատականի առումով, որ այդ ժամանակվա Կառավարության մասնակցությունը մեր անվտանգային համակարգին այդքան էլ ծանրակշիռ չի եղել: Այսօրվա Կառավարությունը համար մեկ խնդիրը համարում է անվտանգային խնդիրը»,- նշեց Քոչարյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովի նկատմամբ ինչ-որ պահից սկսած փոխվել է վերաբերմունքը՝ թե՛ ընդդիմությունը ներկայացնողների, թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչների մեջ:
«Սա արդյունք է նրա, որ հանձնաժողովը քաղաքական որևէ նպատակ չունի ապրիլյան դեպքերն ուսումնասիրելիս, կա ապրիլյան դեպքերը ճիշտ ուսումնասիրելու ցանկություն, և այդ ցանկությունը բավարարվել է: Եվ այսօր չկա մեկը, որ չուզենա գալ, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Ես այլևս որևէ անգամ չեմ դիմելու, և պարոն Խաչատուրովը ինքը թող որոշի՝ կգա թե չի գա»,- նշեց Քոչարյանը: