Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրինագծի քննարկման ժամանակ և դրանից հետո արտահայտված մտահոգություններն ու նկատառումները նախագահի աշխատակազմը հանգամանալից և հետևողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ:
«Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացնենք, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիշեցնենք՝ օրենքը թույլ է տալիս հօգուտ պետության բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմ է նշված 50 մլն դրամը: Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար՝ մինչև 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածը: