Երեկ Միքայել Մինասյանը խոսել է ծխախոտի «կանդրաբանդայի» մասին եւ, իր պատկերացմամբ, նկարագրել այդ սխեման, թե ինչպես է դա արվել։ Հնարավո՞ր է, որ հանձնաժողովն ամեն դեպքում ուսումնասիրի, այդ հարցը պարզի եւ լույս սփռի խնդրի վրա։
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկն այսպիսի հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս պատասխանեց, որ չի նայել այդ հոլովակը, բայց, ինչպես ասաց լրագրողը, Միքայել Մինասյանը տիրապետում է այդպիսի սխեմաների։ «Ես էլ կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նախկինում օգտագործված նմանատիպ սխեմաների, բայց դա Հրաչյա Հակոբյանի հետ հաստատ որեւէ կապ չի կարող ունենալ։ Եթե դուք ուսումնասիրած լինեք՝ սկսած ծխախոտի արտադրողներից, կտեսնեք, թե ովքեր են, Վարդան Հարությունյան եւ այլն»,- ասաց Քոչարյանն ու հավելեց, որ դա կապված է նախկին իշխանությունների օլիգարխիկ թեւի հետ։ Նա ասաց, որ շատ բաներ անպայման պետք է բացահայտվեն։ Եթե նայենք ազգային անվտանգության տեսանկյունից, Քոչարյանի բացատրությամբ, եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, դա պետք է ֆիքսված լինի ՀՀ-ի տարածքում, եւ եթե մաքսանենգ ապրանքը հայտնվել է օտար պետության մեջ, քրեական գործեր կհարուցվեն։ Հենց սա էլ պահանջելու է, որ պարզվեն մաքսանենգ ապրանքի հետ կապված բոլոր դրվագները։ «Բայց եթե մաքսանենգ չէ, այդ դեպքում լրիվ ուրիշ պատմություն է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը։ Այնտեղ գրված է նաեւ Սիփան Փաշինյանի անունը, հանցագործ աշխարհի ինչ-որ մարդիկ»,- ասաց պատգամավորը։
Նա նաեւ շեշտեց, որ եթե մաքսանենգ ապրանք է, պետք է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվի Հայաստանի իրավական համակարգ, բայց այդպիսի գործընթաց չկա։