ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին օրերս խորհրդարանի ընդունած Լանզարոտեի կոնվենցիայից, որի մասին կարծիքները խիստ հակասական են։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ կոնվենցիան սեռական բռնությունից և սեռական շահագործումից երեխաներին պաշտպանելու համար երկրներին խրախուսում է՝ իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ, որպեսզի երեխաները ճանաչեն իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները և ինքնապաշտպանվելու ունակություն ունենան։
«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը։ Սրանք դժվար բառեր են և դժվարամարսելի են անգամ որոշ չափահաս մարդկանց համար։ Այսինքն՝ այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, հետաքրքրություններին հարմարեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես չափահաս մարդկանց վարքի մեջ ճանաչել հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ չափահաս անձից»,- նշեց Կարապետյանը։
Պատգամավորը հիշեցրեց վիճակագրությունը՝ տարեկան մինչև 100-ի հասնող սեռական բնույթի ոտնձգություններ անչափահասների նկատմամբ։