Ինչպե՞ս էր վարչապետը տիրապետում բանկերում քաղաքացիների ունեցած ավանդների մասին տվյալներին. Թունյանը պարզաբանեց (տեսանյութ)

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ նախորդ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին և վարչապետի այն հայտարարությանը, թե 9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա, ովքեր ամբողջական վերցրած մեկ միլիարդ դրամ ավանդ ունեն բանկերում: Պատգամավորը հիշեցրեց, որ հայտարարությունը բուռն քննարկումների արժանացավ, և շատերը մտավախություն հայտնեցին, թե բանկային գաղտնիքը մեր երկրում պաշտպանված չէ: Պնդեց, որ որոշ շրջանակներ օգտվեցին դրանից` հանրության շրջանում իշխանության նկատմամբ սխալ տպավորություն ստեղծելու համար:

Թունյանը նախ նշեց, որ յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, նրա վարկերի ծավալը բանկային գաղտնիք է, և կոնկրետ անձի վերաբերյալ տվյալներ ոչ ոք չի կարող ունենալ: Միևնույն ժամանակ պարզաբանեց, որ ամփոփ տվյալներ պետական մարմինները, նաև լրագրողները հարցումների միջոցով կարող են ստանալ:

«Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել և ներկայացնել, թե, օրինակ, իրենց միջոցով աջակցության ծրագրերից օգտված 30 հազար անձանցից քանի հոգի կան, որ ունեն 10  մլն-ից ավելի ավանդ, քանի հոգի կան, որ ունեն 20 մլն դրամից ավելի ավանդ, քանի հոգի կան, որ ունեն 1 մլրդ դրամի ավանդ»:

Թունյանը պնդեց, որ սա անհրաժեշտ ինֆորմացիա է, որպեսզի պետությունը կարողանա ճիշտ որոշումներ ընդունել և ճիշտ քաղաքականություն մշակել:

Ինչ վերաբերում է մնացած աջակցության ծրագրերին, օրինակ կոմունալ աջակցությունների պարագայում Թունյանն ասում է՝ այստեղ ևս եթե համեմատեն աջակցություն ստացածների ընդհանուր թիվը և ավանդատուների ընդհանուր թիվը, պարզ կլինի, թե ավանդ ունեցող քանի մարդ է ստացել աջակցություն:

Թունյանը նաև նշեց, որ ԱԺ ամբիոնից «բութ և սիրկա» է անվանել ոչ թե այն մարդկանց, ովքեր  մանրամասներին չեն տիրապետել և հարց են բարձրացրել բանկային գաղտնիքի վերաբերյալ, այլ այն մարդկանց, ովքեր այս հայտարարությունը օգտագործել են իշխանությանը վարկաբեկելու համար: