Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երրորդ անձին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 24 անձի, որոնցից 21-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաև սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

24 մեղադրյալների նկատմամբ  որպես  խափանման միջոց կալանավորում ընտրելու  վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 16-ը բավարարվել է, 7-ը՝ մերժվել, 6 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է:

Եվս 4 անձի ձերբակալման որոշում է կայացվել, որի իրակացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստրոբաժանմանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: