Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները ստեղծել են համակարգչային ինտերֆեյս, որը կարողանում է կարդալ մտքում արտաբերված բառերը։
Գործողությունն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, որը կոչվում է AlterEgo։ Այն տեղադրվում է ականջի և ստորին ծնոտի վրա: Դրա մակերեսին տեղակայված էլեկտրոդները դեմքից կարդում են նեյրոմկանային իմպուլսները, որոնք հայտնվում են մտքում արտաբերված բառերի ժամանակ։ Այս ազդանշանները փոխանցվում են համակարգչային ծրագրին, որն ունակ է համադրելու ստացված յուրաքանչյուր իմպուլսը կոնկրետ բառի հետ։
Սարքն ականջին կցելը թույլ է տալիս դեմքի ոսկորների միջոցով վիբրացիաներ հեռարձակել ներքին ականջին ՝ ապահովելով տեղեկատվության փոխանցումը հակառակ ուղղությամբ: Քանի որ լսողական արտաքին անցուղին բաց է մնում, մարդը կարողանում է հաղորդակցվել սովորական եղանակով: Այս սարքը հանդիսանում է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի տարբերակներից մեկը, որը հնարավորություն է ընձեռում հարցեր տալու և պատասխաններ ստանալու: Օրինակ, շնորհանդեսի ժամանակ ցույց տվեցին շախմատի խաղ-մրցույթ, որի ընթացքում խաղացողը լուռ մեկնաբանում էր հակառակորդի քայլերը և ի պատասխան համակարգչային ծրագրից լուռ ու անտեսանելի առաջարկներ ստանում պատասխան քայլերի վերաբերյալ:
«Մենք ստեղծեցինք համակարգչային հարթակ, որը ներթափանցում է մեր ներքին էությունը` հանգեցնելով մարդկային գիտակցության վերածննդի»,- բացատրել է MIT Media Lab-ի ասպիրանտ Ա․ Կապուրը, ով ղեկավարել է նոր համակարգի մշակումը։
Դեռևս 19-րդ դարում հայտնվել էր մի տեսությունը, ըստ որի մտավոր խոսքն անմիջական կապ ունի ֆիզիկական գործընթացների հետ,իսկ արդեն 20-րդ դարի վերջին գիտնականները կարողացան որոշել, թե մտավոր խոսքի ընթացքում դեմքի որ հատվածներն են ամենաուժեղ նյարդամկանային ազդակները հաղորդում: Գիտափորձերի ժամանակ մարդիկ իրենց մտքում կրկնում էին մի շարք բառեր՝ կրելով իրենց դեմքի տարբեր հատվածներում տեղակայված տասնվեց էլեկտրոդ: Պարզվեց, որ առավելապես ակտիվ հատվածները յոթն են։
Տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց հնարավոր դարձավ էլեկտրոդների քանակը նվազեցնել չորսի, ինչի արդյունքում բարելավվեց հաղորդակչի էրգոնոմիկան:
Ապագայում AlterEgo-ն կարելի է օգտագործել տարբեր նպատակների համար։ Բացի այն, որ այս սարքի օգնությամբ հնարավոր կլինի մտքով կառավարել համակարգիչը կամ լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ, այն նաև թույլ կտա ապահովել հաղորդակցումը կոգնիտիվ խանգարում ունեցող մարդկանց հետ։
tectocs.com