Մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվող խոշոր զորավարժություններին զուգահեռ՝ նույն օրերին, զորավարժություն է անցկացնելու նաև Նախիջևանի առանձին համազորային բանակը:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նախիջևանում վարժանքներին ներգրավված տեխնիկայի և անձնակազմի քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն, որ այն հրամանատարաշտաբային է, ներգրավվելու են «որոշ միավորումներ, զորամասեր, ինչպես նաև հատուկ նշանակության ուժեր»:
Զորավարժության հայտարարվող նպատակը կապի և ավտոմատացված ղեկավարման համակարգերի միջոցով կազմակերպչական, ղեկավարման, փոխգործակցության դրվագների խաղարկումն է:
Հիշեցնենք, որ մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակն անցկացնելու է օպերատիվ-մարտավարական հարձակողական սցենարով պլանային խոշոր զորավարժություն: Նման զորավարժություններն Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը, նախորդը եղել էր՝ մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն, իսկ Նախուջևանում՝ զուգահեռ զորավարժություն:
razm.info