Դատախազությունում կգործի ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող նոր մարմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում Հայաստանի մասին 100 փաստ ներկայացնելով, հիշատակեց նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ 

«Օրենքը տարածվելու է միայն քաղաքական գործիչների և գործարարների չհաշվառված գույքի վրա, և ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը: Գլխավոր դատախազության կազմում գործելու է նոր իրավասու մարմին, որը թույլ կտա ակտիվների ուսումնասիրություն իրականացնել և պետության օգտին բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ 1991 թվականից սկսած այդ դեպքերի  ուսումնասիրության հետ կապված խնդիր կարող է լինել այն, որ փաստաթղթերը կարող են ուղղակի պահպանված չլինել:

Փաշինյանը փաստերից առանձնացրեց նաև այն, որ մշակվել և կառավարության կողմից հաստատվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի նոր ձևանմուշը: Ասաց, որ  կա նաև հայտարարագրի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, օրենքով ներդրվել են բարեվարքության ստուգման և հայտարարագրման համակարգի արդյունավետությանն ուղղված մեխանիզմներ։ 

Հաջորդ փաստն էլ վերաբերում էր նրան, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանվել է չափագիտական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս նախապես երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը: Ասաց, որ դրա արդյուքնում կտրուկ ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը։ Շեշտեց, որ այդ փոփոխության արդյունքում նվազել են բողոքները։

«Այժմ տարվում են աշխատանքներ, որի արդյունքում ակնկալվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ առաջիկայում հնարավոր կլինի հասնել խախտումների բացառման, իսկ այնուամենայնիվ խախտումների արձանագրման դեպքում նախատեսվում է կասեցնել տնտեսավարողների գործունեությունը»,- ասաց վարչապետը

Փաշինյանն առանձնացրեց նաև այն, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածությունը մեծացնելու կառավարության որդեգրած քաղաքականությամբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել:

«2020 թվականին մենք ունենք կին «միլպետներ», որը կարևոր փոփոխություն եմ համարում»,-ասաց վարչապետը:

 

 

 

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am