Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 DՏ 435 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, բախվել է Opel Zafira մակնիշի 36 NA 914 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի սյան մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներից երկուսին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանցից մեկին տեղափոխել հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի՝ ծառայողները՝ դասակի հրամանատար Բազիկյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Սարգիս Հայրապետյանն ու տեսուչ Արման Վիրաբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն ու խցանում չառաջանա։ Վթարի մասին Երևանի օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: