Պենտագոնը Հրապարակել Է ՉԹՕ-Ներին Առնչվող ևս 8 Նյութ

 ԱՄՆ ռազմածովային ուժերը հրապարակել են մի շարք նյութեր՝ կապված չբացահայտված թռչող օբյեկտների հետ: Այս անգամ դրանք պարունակում են նաև ականատես օդաչուների նկարագրություններ: Ըստ փաստաթղթերի, 2013 թվականի հունիսի 27-ից մինչև 2019-ի փետրվարի 13-ը տեղի է ունեցել ութ միջադեպ։ Դրանց վերաբերող նյութերը հրապարակվել են New York Times-ում:

Այս տվյալները պահպանվում էին ԱՄՆ ռազմածովային նավատորմի հույժ գաղտնի զեկույցներում։ Դրանք հրապարակվել են ի պատասխան լրատվամիջոցների՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ներկայացրած պահանջների։ Որոշ միջադեպերի մասին հաղորդվել էր ավելի վաղ, սակայն նոր գաղտնզերծված «վտանգավոր իրավիճակի մասին զեկույցները» նկարագրում են հենց այն, ինչին բախվել են օդաչուները:

 «Վտանգի մասին զեկույցը» (Hazard reports) ստանդարտ փաստաթուղթ է, որը պատրաստվում է այն ժամանակ, երբ օդաչուն, ծառայությունն իրականացնելիս, բախվում է հնարավոր վտանգավոր իրավիճակների։ Այս զեկույցներն ուսումնասիրվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից, որպեսզի տիրապետեն անհրաժեշտ տեղեկատվությանն ու վերահսկեն իրավիճակը և հասկանան, թե ինչ է կատարվում ԱՄՆ օդային տարածքում ու ինչ վտանգների կարող է հանդիպել օդաչուն:

Համաձայն զեկույցներից մեկի՝ 2014 թվականի մարտի 26-ին F/A-18E Super Hornet կործանիչի օդաչուն նկատել է փոքր արծաթե մետաղական օբյեկտ։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ օդային տարածքը գտնվում է խիստ վերահսկողության տակ և այդ ժամանակ ոչ մի թչող օբյեկտ չի ունեցել թույլտվություն՝ տարածք մտնելու։ Օդաչուն տվյալները փոխանցել է ռազմածովային նավատորմին, որոնց ռադարները մինչև այդ ոչինչ չէին ֆիքսել։

Այս դեպքից գրեթե մեկ ամիս անց՝ ապրիլի 23-ին, Super Hornet կործանիչի մեկ այլ օդաչու նկատել է երկու ՉԹՕ: Զինվորականները չեն կարողացել իդենտիֆիկացնել այդ օբյեկտները կամ որոշել, թե ով է վերահսկում դրանք:

Պենտագոնը նշել է, որ մասնագետները դեռևս չեն կարողացել որոշել, թե ինչպիսի սարքեր են դրանք, բայց դեռ վաղ է եզրակացություններ անել «արտերկրային հետախուզության» վերաբերյալ: Նրանք նշում են, որ ՉԹՕ-ների տեսանյութերը հրապարակել են, որպեսզի վերջ տան հաճախակի շրջանառվող այն տեղեկություններին, թե իրականում ՉԹՕ-ներ չեն արձանագրվել։

Սակայն որքան ավելի շատ նյութեր են բացահայտվում և որքան ավելի շատ է հանրությունը տեղեկանում այս մասին, այնքան ավելի դժվար է հավատալ, որ Պենտագոնը ոչինչ չի թաքցնում և ՉԹՕ-ներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հասանելի է դառնում հանրությանը։1

https://www.nytimes.com/2020/05/14/us/politics/navy-ufo-reports.html?auth=login-email&login=email

 

tectocs.com