«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ վերանվանելու առաջարկ կա. ՀԽ-ն հարցնում է հանրության կարծիքը

«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ Կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ հանրային խորհրդին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ հրապարակելով համապատասխան փաստաթղթեր:

«Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը՝ հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ Կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։

Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ։

Հարգանքով՝
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ»: