Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը:
Նախարարը տեղեկացրեց, որ երկու օրենսգրքերի փոփոխությունների ընդունման արդյունքում ակնկալում են կոնցեպտուալ փոփոխություններ: Բադասյանի խոսքով՝ ներդրվում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտ, նաև սահմանվում են բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք կբերեն կալանավորվածների թվի նվազեցման:
«Միաժամանակ բարձրացվում է քրեական դատավարության արդյունավետությունը, օրենսգրքում սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեության մի շարք տեսակներ՝ գաղտնի քննչական գործողություններ, որոնք ապահովելու են քրեական դատավարությունում ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործումը»,- ասաց նախարարը:
Բադասյանը նաև տեղեկացրեց, որ այսօր արդարադատության նախարարության կայքում կհրապարակվեն այդ բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը այս փուլից արդեն տեղեկացված լինի: