ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեսաուղերձի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է արդարադատության նախարարության պարզաբանումը․
«Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ։
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ոչ միայն պաշտոնական ուղերձներով, այլև դեմ առ դեմ բաց հանրային քննարկումներում բոլոր դիտարկումներին ու մտահոգություններին անդրադառնալու մեր պատրաստակամությունը։
Այսպես՝
- «Վարագույների հետևում, առանց հանրային քննարկման» վավերացնելու մասին պետք է նշել, որ վավերացում պահանջող յուրաքանչյուր կոնվենցիայի ներպետական գործընթացը նույնն է, և ենթադրում է իրավասու մարմինների կարծիքներ, եզրակացություններ ստանալ, վավերացման առաջարկությանը Կառավարության նիստում հավանություն տալ, Սահմանադրական դատարանի որոշում, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկում և եզրակացություն, լիագումար նիստում քննարկում և քվեարկություն։
Նշված բոլոր գործողությունները Լանզարոտեի կոնվենցիայի դեպքում հրապարակային են եղել, փաստաթղթերը հասանելի են բոլոր իրավասու մարմինների կայքերում, բացի այդ, թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի, և թե՛ լիագումար նիստերն առցանց հեռարձակվել են։
Ինչևէ, կոնվենցիաների դեպքում ազգային մակարդակում քննարկումները ծավալվում են դրանց միանալու (ստորագրել, վավերացնել) կամ չմիանալու շուրջ և ոչ թե դրանց տեքստերում փոփոխություն անելու վերաբերյալ։ Կարծում ենք՝ պարոն Զոհրաբյանի կողմից առաջարկված քննարկումներն առավելապես վերաբերում են Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի հարցերին, որոնց վերաբերյալ իրավասու գերատեսչությունների ներգրավմամբ քննարկումներից կարծես որևէ մի գերատեսչություն չի հրաժարվել։ Ուստի, ամեն ինչ առջևում է։
- «Հայտնաբերված» փաստաթղթի մասին
Պարոն Զոհրաբյանը և այլ բանախոսներ «Սեռական կրթության եվրոպական ստանդարտներ» ձևակերպմամբ նշում են մի փաստաթղթի մասին, որը յուրաքանչյուր ոք «Google» համակարգում պարզ որոնմամբ կարող է գտնել։ Այս փաստաթուղթը 19 տարբեր ոլորտների փորձագետների կողմից կազմված առաջարկություն է քաղաքականություն մշակողների համար։
Իհարկե, բանախոսները չեն նշում անգամ մեկ եվրոպական երկրի օրինակ, որտեղ վկայակոչված «ստանդարտը» կիրառվում է։ Նույն հաջողությամբ կարելի է գտնել յուրաքանչյուր ոլորտին վերաբերող ինչ-որ փորձագետների պատրաստած փաստաթուղթ և պնդել, որ դա ստանդարտ է տվյալ ոլորտի պետական քաղաքականության համար և այն կապել ինչ որ կոնվենցիայի հետ։
- Լանզարոտեի կոնվենցիան և դրա կապը սեռական կրթության հետ
Պարոն Զոհրաբյանի տեսաուղերձում մեջբերված հանրային քննարկման ընթացքում էլ հստակ նշվել է
(6:15 րոպեից) , որ Լանզարոտեի կոնվենցիան սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, ուստի այս առումով կանխարգելումը կարևոր նշանակություն ունի։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, որպես նման հանցագործությունների կանխարգելման միջոց, նշվում է, որ երեխաներին, իրենց հասունության և ընկալման հնարավորություններին համապատասխան, տարրական և միջնակարգ կրթության մակարդակներում ծնողները և մանկավարժները համագործակցված ձևով պետք է տեղեկություններ տան նման ռիսկերի և ինքնապաշտպանության միջոցների մասին։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածը մասնավորապես նշում է. «Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»: