2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը: Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (խուլիգանական դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արզնի գյուղի բնակիչը նշված վնասվածքն ստացել է 2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տներից մեկի բակում համագյուղացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս՝ 52-ամյա տղամարդը, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ պատճառելով նրան ծանր մարմնական վնաս և դիմել փախուստի:
Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: