Իսլամական պահքի՝ Ռամադանի ընթացքում երկու աղմկահարույց դեպք է գրանցվել Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում: Մայիսի 20-ին քաղաքի մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական Bella ciao երգը, որը նշանակում է՝ «մնաս բարով, գեղեցկուհի»։ Այս իրադարձությունը հիստերիայի ալիք է բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանում ու թուրքական մամուլում, քննարկման առարկա դարձել սոցցանցերում։
Հաջորդ օրը նույն դեպքը կրկնվել է նահանգի Բորնովա և Բայրաքլը շրջանների մզկիթներում: Այստեղ արդեն բարձրախոսներով ազանի ձայնի փոխարեն հնչել է թուրք երգչուհի Սելդա Բաղջանի երգերից մեկը։
Երկու միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր դատազությունը հետաքննություն է սկսել երգերը հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու համար»։ Իսկ Իզմիրի նահանգային մուֆթիությունը ժամանակավորապես դադարեցել է ազանի կենտրոնական համակարգի օգտագործումը: