Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Իր հերթին, նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը Մայր հայրենիքի հետ փոխգործակցությունն ավելի սերտացնելու նպատակով:
Այնուհետև հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ: