Կոտայքի մարզի Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ, Ձորաղբյուր համայնքների հողերն ինքնահոս եղանակով ջրելու համար 2015 թ.–ին սկսված ջրագծի կառուցուման աշխատանքները հարկադրաբար դադարեցվել են 2016 թ.-ին։ Մինչ 2020 թ.-ը Գողթ գյուղի բնակիչների պահանջով դադարեցված ծրագիրը չի վերսկսվում։ Ջրագծի մեծ մասը կառուցված է, մնացել է 1,9 կմ խողովակները միացնեն Գեղարդալճի ջրամբարին և վերջ, բայց Գողթում դեմ են։ Գողթի բնակիչները պահանջներ ունեն, դրանք բավարարելու պարագայում միայն թույլ կտան 4 տարի առաջ դադարեցված շինարարությունը վերսկսել։
Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերևում «Գեղարդալիճ» անունով ջրամբար կա։ Ջրամբարում հավաքվող ջրից առայժմ օգտվում է միայն Գողթ գյուղը։ Ջրամբարի թողունակությունը 2,4 միլիոն խորանարդ է եղել։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2015 թ.-ին մեկնարկել է 7,2 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը։ Դրանով ջրամբարի պատվարը բարձրացվել է 1,6 մետրով, որպեսզի ջրամաբարում կուտակվի 3,4 միլիոն խորանարդ ջուր, և հնարավոր լինի բացի Գողթից՝ ոռոգել Հացավանի, Գեղադիրի, Ողջաբերդի, Ձորաղբյուրի, Ջրվեժի ամառանոցների և Արգելոցապարկային համալիրի հողերը։ Պատվարը բարձրացնելուց բացի՝ 24 կմ խողովակաշար է անցկացվել: 3,4 միլիոն խորանարդ ջրով նախատեսվում էր ոռոգել Գողթի (705 հա) և մյուս համայնքների ընդհանուր 1448 հա հողատարածքներ
Հացավան գյուղում Էլժիր Պետրոսյանը ու Վարդան Պետրոսյանը մեզ ցույց են տալիս 4 տարի առաջ կառուցված ներտնտեսային ցանցը և գովեստի խոսքեր ասում ջրագիծը գյուղ հասցրած շինարարների հասցեին։ Հացավան գյուղի հողատարածքներն այժմ ոռոգվում են պոմպակայանի միջոցով, սակայն այս տարի դեռ ջուր չեն ստացել։ Նրանք հիշում են, որ նախորդ տարիներին պոմպը հաճախ խափանվում էր, նորոգելու համար երկար ժամանակ էր պահանջվում։ Հացավանցիների համար անհասկանալի են Գողթի բնակիչների թերահավատությունն ու համառությունը, որի հետևանքով ջրագծի կառուցումը դադարեցվել է։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանի խոսքով, որպեսզի վերանան Գողթ համայնքի բնակիչների որոշ մտահոգություններ՝ թելադրված ջրի հնարավոր սակավությամբ, Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցումից հետո, որոշվել է լրացուցիչ կառուցել շուրջ 2 կմ երկարությամբ Գիլանլարի մոտեցնող ջրանցքը։ Դրա նպատակը Կոտայքի մարզի Գիլանլարի հեղեղատարից սելավաջրերի տեղափոխումն է Գեղարդալճի ջրամբար, ինչը հնարավորություն կտա ոռոգման ջրի հնարավոր դեֆիցիտի դեպքում ապահովել անհրաժեշտ ջրի տեղափոխումը Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգ։
«Բացի այդ, պլանավորված է Կայունացման և զարգացման Եվրասիական ֆոնդով իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի շրջանակներում վերականգնել Գողթի ջրագծի 1,5 կմ-անոց հատվածները և ներտնտեսային ցանցի առավել վնասված 1,8 կմ հատվածները»,- նշում է Արթուր Սողոմոնյանը՝ փաստելով, ոչ 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի դեկտեմբեր կառուցվել է ամբողջ համակարգը՝ ներառելով պատվարի բարձրացումը, Գիլանլարի ջրանցքը, 24 կմ-անոց խողովակաշարը և այն ավարտին հասցնելու ու շահագործելու համար մնացել է ընդամենը մոտ 1,9 կմ-անոց խողովակաշարի կառուցումը:
Հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է նաև, որ Ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը, որի բաղադրիչներից է Գեղարդալճի ինքնահոս համակարգը, ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 30-ին:
«Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի անավարտ շինարարական աշխատանքները կիրականացվեն մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը՝ Եվրասիական զարգացման բանկի «Ոռոգման համակարգերի արդիականացման» վարկային ծրագրի միջոցների հաշվին»,– նշում է Արթուր Սողոմոնյանը։
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանից էլ հետաքրքվել ենք, թե ինչու չեն վերսկսվում ջրագծի կառուցման աշխատանքները։ «Գողթ համայնքի մի խումբ բնակիչների կողմից արգելք ստեղծելու պատճառով, 2017 թ.–ից, աշխատանքները դադարեցվել են։ Բանակցությունները համայնքի բնակիչների հետ ընթացքի մեջ են, և փոխհամաձայնության գալու դեպքում, ջրագծի մնացած հատվածի աշխատանքները, կապված եղանակային պայմաններից, կարող են ավարտվել 2-3 ամսվա ընթացքում»,- մեր հարցին ի պատասխան հայտնել է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։
Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանին հանդիպեցինք համայնքապետարանում՝ սպասում էր Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Մարզպետն ու կոմիտեի նախագահը հենց Գեղարդալճի ինքնահոս համակարգի աշխատանքների վերսկսման համար պետք է այցելեին գյուղ։
Կարեն Գաբրիելյանը բացատրում է, թե ինչու Գողթում թույլ չեն տալիս շինարարության վերջին փուլն իրականացնել։ Ըստ համայնքի ղեկավարի՝ ծրագրի մեկնարկին խոստացել էին, որ գյուղի ներտնտեսային ցանցը նույնպես կարդիականացվի, բայց ծրագիրը հասել է ավատական փուլին, իսկ ներտնտեսային ցանցն այդպես էլ չի կառուցվել։ Կարեն Գաբրիելյանը վստահ է, որ Գողթի ներտնտեսային ցանցը արդիականացնելու դեպքում ներկայիս 50 տոկոս ջրի կորուստը կբացառվի։ Գողթի համայնքապետի կարծիքով գյուղի ներտնտեսային ցանցն արդիականացնելու աշխատաքները եթե սկսվեն, ապա գյուղացիները թույլ կտան ինքնահոս ոռոգման ծրագրի վերջին փուլն իրականացնել։ Բացի դրանից՝ ևս մեկ պայման կա, որ առաջ են քաշում Գողթում․ պետք է պաշտոնապես ամրագրվի, որ Գողթ գյուղը 2,4 միլիոն խորանարդ մետր ջուր կստանա, դրանից հետո միայն մնացած ջուրը ստանան մյուս համայնքները։
hetq.am