Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին:
Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին: Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով:
Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի: