ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020թ. հունիսի 9-ին ժամը՝ 17.10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շուկայի մոտ գտնվող շենքերից կրակոցի ձայներ են լսվում:
Նույն օրը՝ ժամը 17.25-ին, ահազանգ է ստացվել նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., որը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Պարզվել է, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է զինված միջադեպի ժամանակ:
Նախնական տվյալներով՝ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 9Ա շենքի բակում նույն շենքի 28-ամյա բնակչի և մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ է արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։
Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, գնդակներ և չկրակված փամփուշտներ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են տուժած երիտասարդի հագին դեպքի պահին եղած հագուստները:
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, վիճաբանությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: