Երևանի «Շտապօգնության» ծառայության ավելի քան 500 աշխատակից ապրիլ և մայիսի ամիսներին պարգևավճարներ են ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
««Շտապօգնության» ավելի քան 500 աշխատակից արդեն իսկ պարգևավճարներ են ստացել ինչպես ապրիլ, այնպես էլ մայիս ամսվա համար։ Չգիտեմ, թե կոնկրետ ով է զանգահարել Արման Աբովյանին։ Սակայն նա կարող էր այդ հարցը պարզել մեզնից»,– լրատվականի հետ զրույցում նշել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` պարգևավճարի չափը կազմում է 100 հազարից մինչև 150 հազար դրամ։
Ավելի վաղ ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանը Facebook–ի իր էջում հայտնել էր, որ շտապ բուժօգնության ծառայության վարորդներից մեկը զանգահարել է իրեն և ասել, որ այս ամիս «շտապօգնության» ոչ մի աշխատակից պարգևավճար չի ստացել։
Պատգամավորի գրառմանն արձագանքել էր ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, որը Facebook–ի իր էջում հավաստիացրել է՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախատեսում է պարգևավճարներ հատկացնել շտապօգնության աշխատակիցներին ինչպես նախորդ, այնպես էլ մայիս ամսվա համար: