Ո՞նց կարելի է այդ հարցադրումը անել՝ առանց հիմնավորման. Մհեր Գրիգորյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձավ Կառավարության հրաժարականի շուրջ պահանջներին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթավերջին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում եւ պետք է փոխվի: 

Ասաց, որ երբ որ բացի այդ պահանջի մասին հայտարարությունից կլինեն նաեւ ներկայացված փաստարկներ՝ դա կդառնա դիսկուրսի առարկա, իսկ առանց փաստարկների դա ընդամենը թափառող հայտարարություն է:

Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմությունը որպես փաստարկ բերում է կորոնավիրուսի պայմաններում քայլերի ոչ արդյունավետությունը, բոլոր ոլորտների տապալումը, արտաքին պարտքի շարունակական ավելացումը:

«Այն արագությամբ եւ ինտենսիվությամբ, որ իրականացրեցինք մենք սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերը, շատ տպավորիչ են: Այլ երկրների հետ համադրեք եւ տեսեք՝ առնվազն տեմպի ու հասցեականության մասով բավական արդյունավետ միջոցառումներ ենք իրականացներ: Երկրորդ,  երբ որ ընդդիմությունը խոսում է ինչ-որ բանի տապալման մասին, պետք է լինի ոչ թե հայտարարություն տապալման մասին, այլ պետք է լինի փաստարկ եւ հիմնավորում: Ես չունեմ մեկնաբանություն, քանի որ դա հայտարարություն է: Եթե լինի նման փաստարկ՝ քննարկենք, դա կլինի դիսկուրսի առարկա, բայց միայն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա, դրա պատասխանը կարող է լինել միայն՝ ոչ»,- ասաց Գրիգորյանը:

Չհերքելով, որ ինքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով է դարձել փոխվարչապետ՝ Գրիգորյանը չհամաձայնեց, որ այս շրջանում ներդրումների բացակայությունը վկայում է ձախողման մասին: Ընդգծեց, որ այս պահին, երբ ամբողջ աշխարհը խոսում է ռեցեսիայի մասին, այդ իրավիճակում ներդրումների աճը քննարկելը անիմաստ է:

Կորոնավիրուսի կանխումն իրականացնելու առիթով կազմակերպված միջոցառումների վերաբերյալ գնահատական էլ, նրա համոզմամբ , կարելի է տալ ինչ-որ ժամանակ անց:

«Մինչեւ պանդեմիայի չեզոքացմանը չհասնենք, պետք չէ գնահատական տալ, որովհետեւ դա լիարժեք չի լինի»,- հավելեց նա:

Փոխվարչապետը չհամաձայնեց նաեւ, որ բոլոր ոլորտներում անկում է:  «Արտաքին պարտքը չի բացառվում, որ կաճի, բայց դա բնական պրոցես է: Մենք գործ ունենք  ռեցեսիայի հետ, դուք ուզում եք ասել, որ եթե աշխարհում ինչ-որ բան է կատարվում՝ մենք դրա հետեւանքը պետք է չզգա՞նք: Ո՞նց կարելի է այդ հարցադրումը անել՝ առանց հիմնավորման: Իսկ ո՞ր երկրում չի լինելու տնտեսական անկում 2020 թվականին»,- իր կարծիքը հարցով արտահայտեց փոխվարչապետը: