ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Կառավարության նիստից հետո «Factor»-ի հետ զրույցում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին:
Խոսելով նոր հանգամանքների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ՊԵԿ-ը հաղորդագրությունը հրապարակել է՝ հաշվի առնելով նաեւ նախաքննության գաղտնիությունը:
«Տվյալ քրեական գործի հետ կապված նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով՝ թույլատրելի շրջանակներում ՊԵԿ-ը պարբերաբար տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը և հանրային հետաքրքրվածության բարձր աստիճանը: Մինասյանի՝ ենթադրյալ թույլ տված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն արդեն տրամադրված է»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման օրինակը՝ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին։ Հետեւաբար հիմքերին անդրադառնալը ՊԵԿ նախագահը վաղ համարեց:
«Որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո ընթացք կտրվի: Ինչ վերաբերում է բեկանելուն, Վերաքննիչ դատարանը, ըստ նախնական տեղեկությունների, կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ավելի կոնկրետ կխոսի որոշումը ստանալուց հետո:
Անդրադառնալով ծխախոտի մաքսանենգության մասին Միքայել Մինասյանի հայտարարությանը՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ բացի նրա պնդումներից, որեւէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չեն: Նա հավելեց, որ ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որեւէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի (խմբ․ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան) կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որեւէ փաստարկ, որեւէ հիմնավորում ուղղակի չկա»,- ասաց Հովհաննիսյանը։