ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ՝ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
( քաղաքացիների խնդրանքով )
Արդեն երկու օր է բազմաթիվ նամակներ եմ ստանում մեր հայրենակիցներից, որոնք ցանկանում են որպեսզի իմ կարծիքը հայտնեմ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին:
Չգիտեմ որքանով է կարևոր իմ կարծիքը այս հարցում, բայց նաև մարդկանց անպատասխան թողնելը դեմ է իմ սկզբունքներին:
Մինչև Վահե Ղազարյանի մասին գրելը, ցանկանում եմ որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան հետևյալի մասին:
Ոստիկանությունը այն ժամանակ է արդյունավետ, ժողովրդի լեզվով ասած ԴՈՒԽՈՎ աշխատում, երբ վստահ է, որ իր ոստիկանապետը կանգնած է իր թիկունքին, որ չի երկնչում այլ ուժային կառույցներից, այլ կերպ ասած տեր է իր ոստիկանին, եթե իհարկե վերջինս կոպտորեն չի խախտել օրենքը:
Հենց այս համատեքստում էլ պատմեմ մի պատմություն Վահե Ղազարյանի մասին:
Նրա հետ հանդիպել եմ 2015թ-ին, երբ վերջինս Իջևանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր:
Սերժի իշխանությունը, հարուցել էր հերթական շինծու քրեական գործը, որի քննությունը հանձնարարվել էր ՀՔԾ-ին և վերահսկվում էր պատվերով գործերի կնքահայր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի կողմից:
Ըստ վերևի ցուցումի, Իջևանի ոստիկանությունից պետք է դատապարտվեին մինիմում չորս օպերլիազոր, ոստիկանության և քրեականի պետերը:
Սարքած գործը վերաբերվում էր 2011 թ-ին և կոնկրետ Վահե Ղազարյանի հետ ոչ մի առնչություն չուներ, բայց վերաբերվում էր իր ենթականերին՝ օպերլիազորներին:
Որպեսզի պարզ լինի նյութը, հիշեցնեմ, այդ տարիներին, ոչ մի համակարգի աշխատող չէր համարձակվում ընդվզել ՀՔԾ-ի դեմ, այլ կերպ ասած եթե ՀՔԾ-ն որոշել էր մարդ դատեր ոստիկանությունից, ապա ղեկավարությունը հեզաճկուն հանձնում էր իր աշխատակիցներին և բացարձակապես կապ չուներ, մեղավոր է այդ աշխատակիցը թե ոչ:
Այդ ժամանակ Իջևանի Ոստիկանապետի և քրեական հետախուզության պետի պաշտպանությունը ստանձնեց Սուսաննա Սարգսյանը և մենք ակամայից ներգրավվեցինք դրա մեջ:
Անկեղծ զարմացա, որ մեկ օր անց մեզ այցելեց Վահե Ղազարյանը և ամբողջ քրեական գործի ընթացքում միայնակ չթողեց իր ենթակա օպերլիազորներին:
Ըստ լուրերի այդ ընթացքում նա նույնպես ենթարկվել էր ճնշումների, բայց փաստորեն չէր նահանջել:
Ինչև է, համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ՀՔԾ-ի ճանկերից ազատել սկզբում չորս օպերլիազորի, իսկ հետագայում էլ մեղադրանքի վերակավորմամբ ազատության մեջ հայտնվեցին նաև ոստիկանապետը և քրեական հետախուզության պետը:
Ամփոփեմ ՝
Եթե Վահե Ղազարյանի իր ենթականերին տեր լինելու, միայնակ չթողնելու բնավորության այս գիծը մնացել է նույնը, որում ես անձամբ չեմ կասկածում, ապա նրա ղեկավարած ոստիկանությունը կաշխատի արդյունավետ, այլ կերպ ասած ԴՈՒԽՈՎ:
Ինչն էլ որ անհրաժեշտ է մեր հասարակությանը:
Դե իսկ մնացածը Ոստիկանապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո:
Առողջություն բոլորիս և Աստված պահապան:
Արտակ Գալստյան