Ոմանց նկատմամբ շուտով պետք է էնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես. Նիկոլ Փաշինյան

«Կարծում եմ՝ վերջին 2 տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ եւ պետք է էնքան ուժ կիրառեն՝ հեսա շուտով, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես». ՀՀ վարչապետն այս մասին հայտարարեց այսօր՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը վարչապետի կարծիքն էր հարցնում համացանցում տարածված ինչ-որ տեսանյութի առնչությամբ, որում իրավապահ համակարգի ներկայացուցիչը ուժ կիրառելով բերման է ենթարկում մի քաղաքացու:

«Տիկին Կոստանյան, ինչքանո՞վ է լուրջ. դուք ինձ ասում եք՝ ինտերնետում մի հատ տեսանյութ կա, սենց ա, սենց ա, սենց ա, ինչպե՞ս եք գնահատում: Ես էլ ասեմ, որ ես դա գնահատում եմ էսպես, էսպես, էսպես: Ես մի բան գիտեմ, որ մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առկայության դեպքում: Եվ եթե բերման են ենթարկել՝ իմ կանխավարկածը այն է, որ ուրեմն ունեցել են համապատասխան հիմքեր»,- արձագանքեց Փաշինյանը:

Այնուհետեւ նա ընդգծեց՝ ոստիկանությունը ուժի կիրառման մարմին է եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում չպետք է վախենա գործել իր իրավասությունների շրջանակներում, պետք է գործի դուխով, գործի վստահ, բայց նաեւ իրավական:

«Տպավորություն է, որ ոստիկանությունը պիտի պատերի տակով թաքուն ման գա: Ո՛չ, կանոնները եւ օրենքը խախտողները եւ հանցագործները պետք է պատերի տակով ման գան եւ ոստիկանությունը պետք է լինի դուխով: Եվ հերիք է ոստիկանությունը ինչ անի…ոնց որ էս երկրի թիվ մեկ թշնամին ա ոստիկանությունը: Ո՛չ, բեսպրեդելն ա էս երկրի թիվ 1 թշնամին: Եվ էդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը ընդհանրապես, իսկ կոնկրետ դեպքում այդ տեսանյութը խոստանում եմ ուսումնասիրել եւ էն ոստիկանը, որը ապօրինություն թույլ կտա, էդ ոստիկանի հետ կապված մենք գործողություններ կձեռնարկենք»,- շարունակեց վարչապետը՝ հավելելով, որ շղթայական ռեակցիա կա, որի արդյունքում ուժ կիրառվում է:

Աննա Կոստանյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է երկարաձգվում արտակարգ դրությունը, եթե դա չի օգնում վարակի տարածման կանխմանը:

«Եթե դուք կամ մենք կարողանայինք վստահորեն ասել, թե ինչպիսին կլիներ համավարակի տարածման տեմպը, եթե չլիներ արտակարգ դրությունը, գուցե կարողանայինք պատասխանել այս հարցին, բայց ոչ մի երաշխիք չկա, որ արտակարգը հանելու պարագայում մենք չէինք լինի ավելի վատ վիճակում: Էս պատմությունը ինձ շատ ծանոթ պատմություն է, երբ որ երկար տարիներ Հայաստանում կար փոփոխություններ անելու քաղաքական պահանջ, եւ ես այն ժամանակ էլ ասում էի, որ անհատ քաղաքացու վարքագծից է կախված փոփոխություններ կլինեն, թե ոչ, եւ շատ երկար ժամանակ կար թերահավատ մոտեցում: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ մոտեցումը աշխատեց: Նույնն էլ էստեղ է: Եթե ուրիշ մեկը կարող է որեւէ այլ բանաձեւ առաջարկել, մենք հաճույքով կլսենք»,- ասաց Փաշինյանը: