Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ:
Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:
Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:
Արցախի Հանրապետության Պարետատունը հորդորում է հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: