Երեկ՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Սաֆարյանը իր վարած Газель մակնիշի բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Վ. Սաֆարյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։