ՏՄՊՊՀ. ավելի քան 20 մլն դրամ տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ին մենաշնորհ դիրքի չարաշահման համար և նախազգուշացում` ԱԻՆ-ին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի շրջանակում օրենքով արգելված հակամրցակցային գործողությունների համար նախազգուշացում է կիրառել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ և մենաշնորհ դիրքի չարաշահման համար՝ 20 887 068 ՀՀ դրամի չափով տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի նկատմամբ:
Նշված ընկերության հետ 2012 թվականին նախարարությունը կնքել է համագործակցության պայմանագիր, որով ձևավորել է միասնական հսկողական համալիր համակարգ, և դրա շրջանակում ընկերությունը բացառիկ իրավունքով մատուցել է օպերատորային, ինչպես նաև օբյեկտներում հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգերի տեղադրման, սպասարկման և մոնիթորինգի ծառայություններ:
Հարկ է նշել, որ վարչական վարույթը հարուցվել է ԱԻՆ-ի գրության հիման վրա միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքներով:
Վարույթի շրջանակում հանձնաժողովը մասնավորապես արձանագրել է, որ նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ պայմանագրի կնքման և դրա շրջանակում «Սօս Սիսթեմս» ընկերությանը բացառիկ իրավունք տալու, մատուցված ծառայություններից գումար ստանալու գործընթացները սահմանափակել, կանխել կամ արգելել են տնտեսական մրցակցությունը։
Միաժամանակ արձանագրվել է, որ «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհ դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գնի սահմանման և (կամ) կիրառման գործողություններ իրականացնելու միջոցով:
ՏՄՊՊՀ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերացնել արձանագրված օրենքի խախտումը՝ 3-ամսյա ժամկետում ապահովելով տնտեսվարող սուբյեկտների՝ մրցակցային պայմաններով հասանելիությունը միասնական հսկողական համալիր համակարգում ծառայություններ մատուցելու գործընթացին:
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում` ⤵️⤵️ http://competition.am/uploads/resources/Vo251_10_06_2020.pdf:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով