Սիրելի՛ հայրենակիցներ
Ես նույնպես ներկայացնում եմ այն սերունդը, որի պատանեկության շրջանում հունիսի 22-ը հատուկ խորհուրդ է ունեցել: Մինչև այսօր ականջիս հնչում է ուսուցչիս խոսքը՝ ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Խորհրդային Միության վրա: Այս համատեքստում շատ տիպական էին երկրորդ աշխարհամարտում ձեռքը կորցրած Մկրտիչ պապիս հուշերը, որոնց իմաստը պիտի լիարժեք ըմբռնեինք Արցախյան գոյապայքարում…
Իսկ պատերազմի մասին պատմելու շատ բան ունեմ, դրա ժամանակն էլ կգա: Այսօր միայն անուն առ անուն կանդրադառնամ հրամանատարներիս: Հենց նրանց՝ Սերգեյ Թովմասյանի, հարազատ եղբորս՝ Սամվել Հարությունյանի, Արարատ Ղազարյանի և Ալեքսանդր Գասպարյանի գլխավորությամբ մեր գումարտակն անցավ մարտական փառավոր ուղի, որի ընթացքում չորսն էլ մատաղ կյանքով հատուցեցին՝ դառնալով ազգային իղձերի իրականացման նվիրյալներ:
Նրանց ընտանիքները մշտապես եղել են իմ և մարտական ընկերներիս ուշադրության կենտրոնում: Դա մեր ցմահ պարտքն է և մարտական ուղու մեկնարկին տրված հավատարմության երդման անբաժանելի մասը: Ի դեպ, հրամանատարներին ուրանալը խորթ է մեր տեսակին (երբևէ ոչ մի մարտական հրամանատարի կամ ընկերոջ չեմ մոռացել), բայց դա այսօր շատերը դժվար հասկանան…
Խոնարհումս հայրենի հողի պաշտպանության ու ազատագրման համար ընկած բոլոր քաջորդիներին…
Հ.Գ. Մեր հայրենիքի անվտանգության, մասնավորապես՝ բանակի մասին վերջին շրջանի ակտիվ քննարկումների մասնակիցներին խորհուրդ կտայի վերջ դնել անիմաստ շահարկումներին: Բանակը ինքնահաստատման տեղ չէ, հակառակ դեպքում…
Մեր հավաքական ուժի զորությունը կախված է յուրաքանչյուր հայի անհատական ջանքից ու միասնությունից: Եվ այս գիտակցումը երբևէ չպետք է լքի մեզ: