Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը գաղտնազերծել են Չեռնոբիլի ատոմակայանի կառուցման և վթարի մասին փաստաթղթերը, որը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամլո ծառայությունը։
Փաստաթղթերը ներառվել են «ՊԱԿ-ի Չեռնոբիլի գործը․ կառուցումից մինչև վթար» աշխատության մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ գրքում ներառված է 229 փաստաթուղթ, որոնց մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ։
«Նոր գրքի մեջ ներառված փաստաթղթերի մեջ առկա են տեղեկություններ 1986 թվականին տեղի ունեցած վթարի մասին, ապրիլի 26-ի գիշերը գրանցված հեռախոսազանգերի վերծանումը, վթարի մասին առաջին հաղորդագրության նմուշը, տեղեկատվություն հետաքննության սկսման և սարկոֆագի կառուցման մասին»,- հայտնել է Անվտանգության ծառայության արխիվի տնօրեն Անդրեյ Կոգուտը, որը նաև գրքի կազմողներից մեկն է։
Գրքի շնորհանդեսը կայացել է Չեռնոբիլի մեկուսացման գոտում։ Փաստաթղթերը թվագրվում են 1970-ական թվականների սկզբից մինչև 1986 թվականի նոյեմբեր ամիսը։
Դեռ 2019 թվականի վերջին ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ 2019 թվականի սկզբից Չեռնոբիլի մեկուսացման գոտի է այցելել 107 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այդ ժամանակ պետական գործակալությունը հանգամանքը կապել էր Չեռնոբիլի մեկուսացման գոտի մուտքի էլեկտրոնային անցագրային համակարգի ներդրման հետ։ Ատոմակայանի նկատմամբ հետաքրքությունն էլ ավելի էր մեծացել, երբ թողարկվել էր HBO հեռուստաընկերության հայտնի «Չեռնոբիլ» մինի սերիալը։
2019 թվականի ամռանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր հրամանագիր, որով Չեռնոբիլը պետք է դառնար «Նոր Ուկրաինայի տնտեսական աճի կետերից մեկը»։ Հրամանագրում նշված էր, որ պետք է դադարեցնել «վախեցնել մարդկանց» և մեկուսացման գոտին վերածել «գիտական և զբոսաշրջային կենտրոնի»։
Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին։
Լուսանկարը՝ «Getty Images»-ի