ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ինքնուրույնության բարձրացմանն ուղղված հերթական օրենքի նախագիծը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ գործընկերներիս՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ դրեցինք «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը:
Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:
Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝
1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը,
2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի առանձնահատկություները,
3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,
4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները,
5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,
6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը»: