Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության ներքո գտնվող երկրի գերագույն խորհրդատվական խորհուրդը ստեղծում է առանձին գերատեսչություն, որը կարձագանքի 1915-ին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրադարձություններին: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի նախագահին ներկայացվել է մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրավիճակի և այդ կապակցությամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին զեկույց:
Նշվում է, որ Թուրքիայում այսօր չկա որևէ կառույց, որը զբաղվում է 1915-ի իրադարձություններով ու դրանց հետ կապված զարգացումներով: Հետևաբար, պաշտոնական Անկարան որոշում է կայացրել ստեղծել «ինքնավար ու քաղաքացիական գերատեսչություն», որը կզբաղվի այդ հարցով: Կառույցը չի ունենա անմիջական կապ կառավարության հետ և կզբաղվի հիմնահարցի քաղաքական, մշակութային, պատմական խնդիրներով ու թուրքական տեսակետի քարոզչությամբ: