Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արմենպրես»-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են նամակի թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև․
«Պարո՛ն Վարչապետ, թու՛յլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Եվրոպայի օրվա առթիվ Ձեր հասցեագրած շնորհավորանքի համար: Եվրոպական միությունը և Հայաստանն օգտվում են այն հնարավորությունից, որ կարողացել են սերտ հարաբերություններ հաստատել Արևելյան գործընկերության ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա: Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է: Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին: Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»: