Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստի օրը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ ապրիլ ամսին Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: 

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ հայցի պատճառը չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որոնք, ըստ նրա, արել է վարչապետը։ Ալումյանը տեղեկացրել էր նաեւ, որ դատարանից 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:

Հայցվոր կողմը հավանաբար նկատի ունի վարչապետի մարտի 11-ի ելույթը Շինուհայր համայնքում, որտեղ նա հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»: 

Գործով առաջին դատական նիստը նշանակվել էր հունիսի 23-ին, որը, սակայն, հետաձգվել էր հայցվոր կողմի բացակայության պատճառով:

 

armtimes.com