Կոտայքի մարզի համայնքներում շատ շուտով կմեկնարկեն Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսված լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ չնայած որոշ հաստատված ծրագրերի շրջանակում արդեն մի քանի համայնքներում շին.աշխատանքներ են իրականացվում:
2020 թվականի սուբվենցիաներին զուգահեռ, մարզի տարածքում շարունակվում են իրականացվել նաև 2019 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը:
Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ:
Մարզպետը այցելել է շինհրապարակներ և անձամբ հետևել կատարվող աշխատանքների ընթացին:
Արդեն ավարտվել են 2019 թվականի սուբվենցիայով իրականացված ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, լայնացման, մայթերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Շուրջ 106.914.100 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում Ծաղկաձորում հիմնանորոգվել է մոտ 1,5 կմ ճանապարհահատված:
Այս ծրագրին պետական բյուջեի ֆինանսավարման չափը 45 % է: Ի դեպ,
միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հաստատված 2020 թվականի սուբվենցիոն մի քանի ծրագրերով Ծաղկաձորում այս պահին հիմնանորոգվում են ևս 1,5 կմ տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ, ինչի արդյունքում Ծաղկաձորում ամբողջությամբ կավարտվեն ճանապարհաշինական
աշխատանքները:
Մեկ այլ ծրագրով Ծաղկաձորի մանկապարտեզին կից նոր մանկական արվեստի դպրոց է կառուցվում: Նախկինում արվեստի դպրոցը տեղակայված է եղել մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախել է 67 սան:
Արդեն առանձին գործող մանկական արվեստի դպրոցը էականորեն կբարձրացնի հաճախելիությունը, և մեր երեխաները կկրթվեն ավելի լուսավոր և բարեկարգ պայմաններում:
2019 թվականին հաստատված երրորդ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային հատվածը: Շուրջ 81.900.000 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդարձակ բակ՝ նոր հենապատով և նոր մարզագույքով հագեցած խաղահրապարակով: Ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար: Այս ծրագիրն
իրականացվում է պետություն-համայնք 50 % /50 % համաֆինանսավորմամբ: