Հրայր Թովմասյանն արձակուրդում է, իրեն փոխարինում է Ալվինա Գյուլումյանը․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացները շարունակվում են։ Ազգային ժողովի իշխող մեծամասնության և ևս մեկ պատգամավորի ձայներով օրինագիծ ընդունվեց, որով վերջիններս ցանկանում են դադարեցնել 12 տարուց ոչ պակաս պաշտոնավարած ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որպես նախագահի պաշտոնավարումը (ըստ օրինագծի՝ Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր)։

 Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավիճակ է ՍԴ-ում, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վերոնշյալ դատավորներն աշխատանքից հեռացման ակտեր ստացե՞լ են։ «Ոչ, ոչ, ոչ մեկից ոչ մեկի մասով չենք ստացել»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ իր աշխատասենյակում է, և տեղյակ չէ, թե որ դատավորն այս պահին որտեղ է։

Հարցին, թե այս ընթացքում ինչպե՞ս են իրենց աշխատանքը կազմակերպելու, ՍԴ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց․ «Ես որևէ անհամաձայնությունից տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ մեր Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է, Թովմասյանն արձակուրդում է, և արձակուրդի ընթացքում իրեն փոխարինում է դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը։ Եվ ըստ դրա էլ՝ մենք մեր աշխատանքները փորձում ենք կատարել»։

«Ա1+»-ի հետ զրույցում Գյուլումյանն ասաց, որ վատառողջ է և չի կարող հարցերի պատասխանել։ Իսկ ՍԴ մյուս դատավորներ Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի հետ չհաջողվեց կապ հաստատել։

 

a1plus.am