Ազգային ժողովը հունիսի 30-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կհրավիրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Խորհրդարանականներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:
Այնուհետև պատգամավորները կքննարկեն Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը:
Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պաշտոնանկ են արվել ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ:
Նորայր Շողիկյան