Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը: Այն ընդունվեց 80 կողմ եւ ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայներով։
Սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդիրները փորձում են կարգավորել 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ամրագրել դատավորների թափուր տեղերը, ինչպես նաեւ հստակեցնել, թե դատարանակազմական որ մարմինը պետք է առաջինը թեկնածու առաջադրի, որ այնպես չստացվի՝ մեկ մարմինը վերջնաարդյունքում դատարանում ունենա 4 անդամ, մյուսը՝ 2՝ այդպիսով խախտելով հավասարակշռությունը:
Փոփոխությունների մի հատված էլ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի թափուր տեղի համալրմանը: Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածը, որի փոփոխությամբ էլ նախատեսվեց 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունների դադարումը, հստակ չի սահմանում, թե դատարանում թափուր տեղերը համալրելուց հետո որքան ժամանակում պետք է դատարանի նախագահ ընտրվի: Պատգամավորները որոշել են ամրագրել, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի նոր նախագահ ընտրվի: Իսկ թափուր տեղերի համալրման համար, ինչպես տեղեկացրել ենք, երկամսյա ժամկետ է սահմանված:
Այժմ նիստն ընդմիջվել է, որպեսզի առաջիկա 3 ժամվա ընթացքում պատգամավորները գրավոր առաջարկներով հանդես գան։ Այնուհետեւ տեղի կունենա հանձնաժողովի նիստ՝ մինչեւ 3 ժամ, ինչից հետո խորհրդարանը կքննարկի օրենքի այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ։