Հուլիսի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Օհանավան գյուղի բնակիչ, 39-ամյա Էդգար Պետրոսյանին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ 1 ժամ անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Ոստիկանները պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը, և օպերատիվ խմբերը մեկնել են կասկածյալի բնակության վայր, ով Օհանավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կոլյա Հայրապետյանն է։ Վերջինիս հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Կ. Հայրապետյանը առավոտյան ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով։