Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:
Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:
Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: