Ավելի քան երկու անգամ իջեցվել է Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձը. նախկինում այն 2500 դրամ էր, հիմա՝ 1200 դրամ է. այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հաղորդեց Հարավ-կովկասյան երկաթուղի ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը՝ ի պատասխան գնային քաղաքականության վերանայման մասին հարցին:
Փոփոխություն կա նաեւ չվացուցակում. խոսնակի փոխանցմամբ՝ նախկինում գնացքներն ուրբաթ, շաբաթ, կիրակի էին գնում՝ ճեպընթացի ռեժիմով՝ Երեւան-Գյումրի առանց կանգառների: Հիմա Հարավ կովկասյան երկաթուղիների մեկ նոր գնացք ամեն օր ուղեւորներ է փոխադրում Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ: «Որոշեցինք, որ պիտի կանգառներով գնա, քանի որ մեր հարցումների համաձայն՝ դրա պահանջարկը կար: Ուղեւորներ ունեինք Արմավիրից, Դալարիկից, մյուս կանգառների կարիքն էլ կար: Այսպես որոշվեց, որ այս կողմերի ժողովուրդն էլ օգտվեր, ոչ թե միայն՝ Երեւանից Գյումրի մեկնողները կամ վերադարձողները»:
Գրձելյանի խոսքով՝ այս մոտեցմամբ ՀԿԵ-ն աշխատում է դեռ ընդամենը երկու օր եւ դժվար է ընդհանուր առմամբ գնահատել, թե փոփոխություններն ինչպես են ընդունվել, սակայն այս պահին ուղեւորահոսքը բավարար է. «Նախնական տվյալներով՝ զգուշավոր լավատեսությամբ կարող ենք ասել, որ ժողովուրդն օգտվում է, եւ կարծես թե ողջունում է այս մոտեցումը»:
Կորոնավիրուսի՝ ուղեւորահոսքի վրա ունեցած ազդեցության մաիսն հարցին պատասխանալով՝ նա նշեց, որ ուղեւորահոսքը բավական պակասել է, եւ դրա պատճառն է հատկապես միջազգային երթերի՝ դեպի Թբիլիսի եւ դեպի Բաթումի, դադարեցումը, սակայն տեղական՝ էլեկտրագնացքների ուղեւորահոսքը պահպանվել է: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատությամբ այս տարի հունվար-մայիսի ուղեւորահոսքի անկումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է 17.7 տոկոս՝ ներառյալ միջազգային երթերը: «Օրինակ, այդ նույն ժամանակահատվածում Երեւան-Երասխ էլեկտրագնացքի ուղեւորափոխադրումն աճել է 3 տոկոսով: Մի պահ, երբ միջքաղաքային ավտոբուսների երթերը հանվեցին, միայն մենք էինք աշխատում, այդ ժամանակ տեղական գնացքների ծանրաբեռնվածությունը բավական մեծացավ: Եվ հետո էլ, երբ արդեն Արտաշատի, Արմավիրի ավտոբուսները սկսեցին աշխատել, ուղեւորները շարունակեցին օգտվել էլեկտրագնացքից, քանի որ տեսել էին, որ այն ավելի հարմար է: Մարդիկ գնացքը նախընտրում են նաեւ այն բանի համար, որ այստեղ հնարավոր է սոցիալական հեռավորությունը պահել, մուտքի մոտ կան ալկոգելեր, օգտվում են: Մեզ մոտ նույնիսկ պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը 100 տոկոսի չի հասնում. հնարավորություն է լինում նստել հեռու-հեռու: 400 հոգանոց էլեկտրագնացքում, եթե 200 ուղեւոր էլ լինում է, մարդիկ կարողանում են իրարից բավական հեռու նստել»:
Դեռ չի վերագործարկվել դեպի Սեւան ուղղությունը. ՀԿԵ-ում սպասում են պարետատան որոշմանը: Այս գնացքները, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, մշտապես ծանրաբեռնված են լինում, եւ պահպանել սոցիալական հեռավորությունն, ինչպես մյուս ուղղություններում է, դժվար կլինի: «Եթե դեպի Սեւան ուղղությունն այսօր բացենք, հնարավոր է շաբաթ օրը 400 տեղանոց էլեկտրագնացքում 400 ուղեւոր էլ լինի: Դա նախապես վաճառվող տոմսերով չէ, ինչպես միջազգային ուղղությունների կամ ճեպընթացի դեպքում, մարդիկ իր ժամին գալիս-նստում են, տոմսերը վաճառվում են տեղում»: Ճշտող հարցին՝ արդյոք դիմել են պարետատուն, Գրդզելյանը պատասխանեց, որ՝ ոչ, սակայն դեպի Սեւան ուղղության մասով սպասում են առանձին որոշման: «Այս գնացքներում սոցիալական հեռավորություն պահել չենք կարող: Եթե Արտակարգ դրությունը չեղարկվի, մենք, իհարկե, ուղղակի կսկսենք երթերը, եթե իհարկե, սեզոնի ավարտ չլինի»:
Ինչպե՞ս որոշվեց վերանայել ուղեվարձը՝ իջեցնել հարցին ի պատասխան՝ Գրձելյանն ասաց. «Մենք մշտապես համագործակցում ենք նախարարության հետ, մեր ուղեւորափոխադրումների մասով անընդհատ բանակցում ենք՝ նոր ուղղություններ բացելու, եղածը չեղարկելու առումով, գնային քաղաքականության համար: Հիմա ուղեւորափոխադրումներից ստացած մեր վնասը որոշակի չափով կոմպենսացնում է կառավարությունը, հիմնականը վնասը մենք ենք կրում: Քանի որ պայմանագրով նշված է, որ ուղեւորափոխադրումների մասով մենք պիտի համատեղ որոշումներ ընդունենք, համատեղ քննարկել ենք, համատեղ որոշել ենք եւ իրականացրել ենք»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ նախատեսում են ՀԿԵ-ի հետ դիտարկել ճեպընթացների ուղեվարձերի իջեցման հարցը: ՏԿԵ-ին արված մեր բազմաթիվ հարցումներն այս ընթացքում մնացել են անպատասխան: