Քաղաքացին պնդում է՝ նախկին նախարարներից մեկը ցանկանում է իրենից խլել տարածքը, բայց նաև ուզում է հավատալ, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում.

SHAMSHYAN.com-ին է դիմել Երեւան քաղաքի Անդրանիկի 50/5 հասցեի սեփականատերն ու հայտնել, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ցանկանում է իր ձեռքից խլել իրենց տարածքը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա. Հակոբյանն ասում էր. «Մենք ձեզ հրավիրել ենք, որ լուսաբանեք դատական այս գործընթացը, մենք վախենում ենք, որ նախկին իշխանության ինչ-որ մարդիկ կվերցնեն մեր ձեռքից մեր սեփականությունը: Այս տարածքն ամբողջությամբ հող էր, պապաս 35 բեռնատար հող է հանել այստեղից, բարեկարգել, թաղապետարանին բոլոր հարկերը վճարել է: 2003թ-ին դիմել է քաղաքապետարան, քաղաքապետարանը վարձակալության իրավունք է տվել հայրիկիս՝ Ռոբերտ Նազարյանի ստորագրությամբ 10 տարով, այնուհետ արդեն հողի սեփականության իրավունք է տրվել: Որ այս տարածքը արդեն 32 տարի մերն է, փաստում են ոչ միայն վճարված անդորագրերը, այլ նաեւ հարեւանները: Արդեն 6 տարի է, դատական գործընթացների մեջ ենք, դատական անարդարություններին չդիմանալով՝ հայրիկս 2 վիրահատություն տարավ ու մահացավ: Իրավահաջորդ դարձավ մայրիկս: Մեր ամեն ինչը օրինական է»,-ասաց տիկինը՝ նշելով, որ տարածքը իրենցից ցանկանում է վերցնել «Արմենակոբ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Արմեն Ամիրյանի։ «Ուզում է մեր ձեռքից խլել մեր հանապազօրյա հացը։ Ինքը դիմել է քաղաքապետարան, հողի ճշտում է արել, ու իրեն պատասխանել են, որ հողը ոչ թե 5000 քմ է, այլ 3900: Ես չգիտեմ՝ ինչ ձեւերով, իրենք դատարանների վրա ազդեցություն ունեն, թե ինչ ունեն, դատը արդեն 6 տարի է, գնում է: Ամսի 23-ին պետք է վճիռ կայացվի վերաքննիչ դատարանում, եւ մենք վախենում ենք, որ այս դատարանն էլ նույն ձեւով չվճռի, ինչպես առաջին ատյանի դատարանը, որի դատավորը հանդիսանում է Գագիկ Բեգլարյանի փեսան, ով մեր օգտին չէր վճիռ կայացրել, այլ նախկին իշխանավորի՝ Ա. Ամիրյանի օգտին: Իրենք հսկայական տարածքներ ունեն, բայց աչքները այս մի փոքր տարածքի վրա է, ու մեր շինության վրա իրենք ապօրինի շինություն են կառուցել: Ես մեր վարչապետին խնդրում եմ, որ հետեւողական լինեն կադաստրի ու քաղաքապետարանի ստեղծած խառնաշփոթին, որպեսզի արդար դատավարություն գնա»,-ասաց նա։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Հարություն Համբարյանի 

shamshyan.com