ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով՝ հաշվիչների ցուցմունքներն ավելի շատ գրելու համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերությանը տուգանեց ԷՄՕԿ կանոնների 37-րդ, 41-րդ եւ 43-րդ կետերի պահանջները խախտելու համար։

Հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի՝ առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» և «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մշտադիտարկում: Իրականացվել է 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միևնույն առևտրային հաշվիչների ցուցմունքների հետ:

Պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվիչով հաշվառվող 124 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա (ըստ սակագների) ծախսերի գրանցման փոխարեն 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների ցուցմունքները: Մշտադիտարկման արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ 35 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տվել սխալ օր, ամիս, տարի և ժամ, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ընդգրկված 48 էլեկտրոնային հաշվիչներ չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը, 7 հաշվիչներ ընդհանրապես ներառված չեն եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ և հետևաբար՝ առանձին հաշվառման քարտ չունեն, 5 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, 5 առևտրային հաշվառքի սարքի հոսանքի տրանսֆորմատորները կնքված չեն եղել, 125 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և հետևաբար՝ նաև կնիքները: Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաեւ «Դիլիջան» և «Սիսիան» էլեկտրական ցանցերում:

Հանձնաժողովը երեկ կայացրած որոշմամբ ՀԷՑ-ին պարտավորեցրել է՝ երկամսյա ժամկետում իրականացնել 142 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների տեղադրում և կնքում, 176 հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների կնքում, 63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների և ծախսերի անհամապատասխանությունների ուղղում, ինչպես նաև մեկամսյա ժամկետում ներկայացնել արձանագրված խախտումների բացառմանն ուղղված առաջարկություններ:

ՀԷՑ-ն իրավունք ունի այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում բողոքարկել հանձնաժողովի որոշումը կամ դիմել վարչական դատարան:

ՀԷՑ-ը պարտավոր է այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում որոշման 1-ին կետով նախատեսված գումարը 900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հիշեցնենք, ամիսներ առաջ ՀԾԿՀ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել էր մոնիթորինգ:

Մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում։ Բացի այդ, ՀԾԿՀ-ն ընկերության հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն մոնիթորինգ է իրականացրել «Դիլիջան» էլեկտրական ցանցում։   

Ստուգումների արդյունքում հանձնաժողովը հունիսի 10-ին վարչական վարույթ էր հարուցել, պարզվել էին տասնյակ խախտումներ:

 

armtimes.com