Անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն չի տրվելու. Լոռու մարզպետ

Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գնահատում է անբավարար:

Վանաձորում մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում թե՛ սուբվենցիոն և թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում:

Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ երեկ ողջ օրը հետևել է մարզկենտրոնում ընթացող շինաշխատանքների ընթացքին՝ որակի և ժամկետների հետ կապված իր դիտարկումներն անելով ու ևս մեկ անգամ փաստելով. անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն այսուհետ չի տրվելու ոչ ոքի:

2019թ.-ին՝ նախապես սահմանված ժամկետներում չավարտված և 2020թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերից են՝ Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող փողոցի, Լազյան փողոցի, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասի, Լանջային փողոցի երթևեկելի մասի, Տավրոսի 8-րդ փողոցի սկզբնամասի հիմնանորոգումը, Աբովյան փողոցի հիմնանորոգումը, թիվ 6 դպրոց տանող ճանապարհի, Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի (դեպի մարզադաշտ տանող փողոց), Մյասնիկյան փողոցի (բաղնիքի դիմաց), Բոշյան փողոցի, Ստեփանյան փողոցի (Աղայան փողոցից մինչև Մաշտոցի փողոց), Երևանյան խճուղուց մինչև Չուխաջյան փողոց (թիվ 18 դպրոցի արևելյան կողմ), Ներսիսյան փողոցից Կնունյանց փողոց երթևեկելի մասի փողոցների հիմնանորոգման, Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման աշխատանքները:

Չնայած Կերպարվեստի թանգարանի հիմնանորոգումն ավարտված է, սակայն դեռևս բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծանրամարտի մարզադպրոցում աշխատանքներն ընթանում են մեծ թափով, խոստանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել՝ ապահովելով բարձր որակ: Ինչը չի կարելի ասել, սակայն, վերոնշյալ փողոցների մասին. մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը «Մ. Բուատ» ՍՊԸ-ն է: Նախորդ տարի չհասցնելով աշխատանքները ավարտին հասցնել ժամկետներում՝ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք երկարաձգվել են մինչև այս տարվա օգստոսի 1-ը. կհասցնեն, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակից ելնելով, սակայն, մտավախություն կա, որ դրանք չեն ընդունվի որակին չհամապատասխանելու պատճառով:

Նշված կազմակերպությունը, հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվելով, պարտավորվել է հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ է իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել է միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց): Լանջային փողոցի կառուցման անորակության փաստը ընդունում է նաև շինկազմակերպությունը. աշխատանքները նորից կիրականացվեն, մնացած փողոցների մասով՝ սպասում են կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին:

-Իմ խորին համոզմամբ՝ քաղաքապետարանի խիստ վերահսկողության դեպքում նման արդյունքներ չէինք ունենա:Համայնքապետարանի աշխատանքը վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար, այս վիճակը նաև դրա արդյունքն է: Համայնքապետարանն ուներ բոլոր հնարավորությունները՝ անորակ աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը խզելու և նոր մրցույթներ հայտարարելով այլ կազմակերպություններ ներգրավելու՝ ռիսկի տակ չդնելով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը,-ասել է մարզի ղեկավարը:

Անդրեյ Ղուկասյանի դիտարկմամբ՝ ներկա դրությամբ պատկերը գոհացնող չէ նաև Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման առումով. անզեն աչքով կարելի է տեսնել՝ աշխատանքները կատարված են թերություններով.

-Պուրակների մասով առկա է մի պատկեր, որ 1-2 տարվա ընթացքում կատարվել է աշխատանքների ընդամենը 50 տոկոսը, իսկ առաջիկա մեկ ամսում խոստանում են դրանք ավարտին հասցնել, ինչն իրատեսական չէ. արդյունքները կամփոփենք մեկ ամիս անց,-ասել է մարզի ղեկավարը:

Շրջայցի ընթացքում Ա. Ղուկասյանը հետևել է նաև պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերից՝ Գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, մարզային զինկոմիսարիատի, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են որակի և ժամկետների խիստ պահպանությամբ, ինչպես նաև 2020թ.-ի սուբվենցիոն միջոցներով Վանաձորում արդեն իսկ մեկնարկած ծրագրերի ընթացքին(Վանաձորն այս տարի ներկայացրել է 4 ծրագիր, որոնցից 3-ը արդեն իսկ հաստատվել է):
Այս պահին ընթանում են Վանաձոր համայնքի Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շենքի, Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան և Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի շենքի հիմնանորոգման և Տարոն-2 թաղամասի այգու կառուցման աշխատանքները:

-Այս տարի շինաշխատանքների որակի առումով ակնկալում ենք անհամեմատ ավելի լավ արդյունքներ, քանի որ մրցույթներին մասնակցելու համար պարտադիր պայման համարվող բանկային երաշխիքի առկայությունը կօգնի, որպեսզի մրցույթներին մասնակցեն այն շինկազմակերպությունները, որոնք կարող են պատշաճ որակ ապահովել,-նշել է մարզպետը:

Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Ա….

Опубликовано Լոռու մարզպետարան Четверг, 9 июля 2020 г.