Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նշում է ձևավորման մեկ տարին։ Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ ու ծրագրեր է իրականացրել գրասենյակը՝ 1lurer.am-ը փորձել է պարզել հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանից։
Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախմբի անդամները հայտարարել էին, թե հայրենադարձության խթանման ուղղությամբ պետությունը որևէ քայլ չի իրականացնում, և պնդել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն անարդյունք է։
Ի տարբերություն սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ավելի փոքր կազմով է աշխատում, բայց բյուջեն և ծրագրային քաղաքականությունն ու ուղղությունները նույնն են՝ նշեց Հովհաննես Ալեքսանյանը։
«Այս ընթացքում նոր ծրագրեր ու միջոցառումներ են ձեռնարկվել, որոնցից մեկը «Ի գործ» ծրագիրն է, ինչը ենթադրում է սփյուռքից մասնագիտական կարողություններ, բարձր որակավորում ունեցող մասնագետների հրավիրում Հայաստանի պետական կառույցներում աշխատելու։ Այն պետք է մեկնարկեր հունիսին, բայց համավարակով պայմանավորված՝ հետաձգվել է։ Ստեղծվել է «Ներուժ» ծրագիրը, որն այն երիտասարդ ստարտափերների համար է, որոնք Հայաստանում սկսում են իրենց բիզնեսն ու բարելավում Հայաստանի էկոհամակարգն ու խթանում հայրենադարձությունը։ Պահպանվել են որոշ ծրագրեր։ Օրինակ՝ «Արի տունը», որը հիմա «Քայլ արա դեպի տուն» է կոչվում։ Նաև Երիտասարդ առաջնորդների դպրոցն է պահպանվել»,- հայտնեց Ալեքսանյանը՝ նշելով, որ որոշ ծրագրեր էլ այլ նախարարությունների են անցել։
«Հայրենադարձության խթանման, հայրենադարձների ինտեգրման ուղղությամբ աշխատանքը երբեք կանգ չի առնում»,- ասաց հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետը: Նա հավելեց, որ այս ընթացքում հարյուրավոր հայրենադարձներ այցելել են հանձնակատարի գրասենյակ և հարցերի լայն շրջանակ շոշափել՝ ըստ խնդիրների: Քննարկվել են բնակարանի, կրթության, աշխատանքի, քաղաքացիության, կացության կարգավիճակի ձեռքբերման, փաստաթղթերի ճշգրտման, մաքսային սահմանով ապրանքները հատելու ու բազմաթիվ այլ հարցեր։
«Ցանկացած գործընթաց ժամանակ է պահանջում։ Օրինակ՝ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը մինչև վեց ամիս ժամանակ է պահանջում։ Մանավանդ համավարակի օրերին մեր շատ քաղաքացիներ ակնկալում են, որ ընթացակարգերն ավելի պարզեցվեն։ Օրինակ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք հնարավորինս պարզեցրել են գործընթացը, բայց որոշ առաջարկներ առայժմ հնարավոր չի եղել զետեղել օրենքում, շարունակելու ենք աշխատել, որ գործընթացն ավելի պարզեցվի։ Կա վարչապետի հանձնարարական՝ կացության կարգավիճակի ձեռքբերման գործընթացը հնարավորինս արագացվի, որ մեր հայրենակիցները շատ ավելի արագ այդ կարգավիճակը ձեռք բերեն, և հնարավորինս արագ լուծվեն նրանց խնդիրները»,- նշեց Ալեքսանյանը։
Վերջին երկու տարիներին հայրենադարձության տեմպերն աճել են՝ հայտնում է նա:
«2018-ի մայիսից 2020-ի մայիս, ավելի քան 26 հազար մեր հայրենակիցներ հայրենադարձվել են Հայաստան ու ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, ավելի քան 4 հազարը ձեռք են բերել կացության կարգավիճակներ՝ 1 տարով, 5 տարով, 10 տարով, և ԱԳՆ-ի հաշվարկներով՝ 40 հազար մեր հայրենակիցներ միայն համավարակի ամիսներին են հայրենիք վերադարձել: Համոզված եմ, որ այդ թիվը շատ ավելի մեծ է, որովհետև գրասենյակ չեն դիմել բազմաթիվ հայրենակիցներ, որոնք ՀՀ քաղաքացիություն են ունեցել կամ երկքաղաքացի են եղել Հայաստանում, ունեցել են գրանցում, այսինքն՝ կոմունիկացիայի խնդիր չեն ունեցել, վերադարձել են և իրենց հարցերը փորձել են իրենք լուծել»,- տեղեկացրեց Ալեքսանյանը։
Հայրենադարձներին աշխատանքի տեղավորելու համար գրասենյակը համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, զբաղվածության պետական գործակալության և մասնավոր հատվածի հետ։
«Համավարակով պայմանավորված՝ աշխատաշուկան վերջերս լարված է։ Համավարակի հաղթահարումից, ամբողջ ծավալով վերականգնվելուց հետո հնարավորություններն ավելի կմեծանան։ Մենք ունենք բազմաթիվ ընտանիքներ Հունգարիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կանադայից, Իրանից, որոնց վերադարձի, հայրենադարձության գործընթացն այս պահին ընդհատված է համավարակի պատճառով, բայց մենք նրանց հետ մշտական կապի մեջ ենք, նրանք ունեն ավիատոմսեր և վերադարձի հնարավոր տարբերակի դեպքում կվերադառնան հայրենիք»,- նշեց Ալեքսանյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնել է մեկ պատուհանի սկզբունքով գործող ինտեգրման կենտրոնի ձևավորումը։ Այն կունենա համապատասխան ռեսուրսներ և կկարողանա ավելի մեծ ծավալով աշխատանք տանել և մեկ պատուհանի սկզբունքով հնարավորինս արագ, պատշաճ և որակյալ ծառայություններ մատուցել մեր հայրենակիցներին՝ մեզ հետ զրույցում հայտնեց հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։