Հունիսի 13-ին ժամը 18։52-ին հինգ օրվա քրտնաջան աշխատանքի արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվեց մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը։
Ապահովության համար հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։
Շուրջ հինգ օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 598 տոննա ջուր:
Կատարվել են հողի լցման և հարթեցման աշխատանքներ։
Դեպքի վայրում յուրաքանչյուր օր աշխատել է նաև Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:
Աշխատանքներում ներգրավված են եղել ընդհանուր թվով մոտ 75 փրկարար ծառայող։