Hetq.am Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու իր ընտանիքի անդամները վերաքննիչ բողոք են ներկայացրել իրենց առանձնատան գործով առաջին ատյանի դատարանի վճռի դեմ։ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 10-ին վճռել էր, որ Վլադիմիր Գասպարյանն իր առանձնատան նախկին սեփականատիրոջը պետք է վճարի 900 միլիոն դրամ, որը չէր վճարել առանձնատունը ձեռք բերելուց հետո։
-
Վլադիմիր Գասպարյանը դատարանի վճռով 900 միլիոն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախկին ոստիկանապետի և նրա ընտանիքի անդամների բողոքն ստացել է մայիսի 7-ին։ Նախագահող դատավոր Նոր Կարապետյանը, դատավորներ Անի Մխիթարյան և Գագիկ Խանդանյանը հունիսի 29-ին որոշել են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել։
Բողոք բերած անձինք՝ Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը, որդին՝ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանը և ոստիկանապետի կնոջ ազգական Էմիլ Զոլոյանը դատարանից պահանջում են վերացնել առաջին ատյանի դատական ակտը։
-
Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ.-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։ Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։ Այս տարվա ապրիլի 10-ին դատարանը բավարարել էր Աղասի Դանիելյանի հայցը։