Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ»՝ գրում է ermenihaber-ը։
Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը ադրբեջանական բանակի կորուստների կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։
«Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանատիպ վտանգավոր մարտավարությունից, պետք է ընտրի ողջախոհությունը և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ցույց է տալիս, որ Հայաստանը ամենամեծ խոչընդոտն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։
Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին՝ տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը Տավուշի դիրքերի ուղղությամբ։
1lurer.am