Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայումս՝ անգամ փորձելով կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը»:
Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:
«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ:
Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»: