Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի նշանակմանը:
«Չեմ կարոծում, որ անձերի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: Ցավոք, Մամեդյարովն առ այսօր եղել է դեստրուկտիվ, տեսնենք՝ ոնց կլինի սրանից հետո»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ խնդիրն ավելի շատ ներքին է, քան արտաքին, Ադրբեջանում վաղուց են կադրային փոփոխություններ տեղի ունենում:
«Տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները շատ հեռահար նպատակ ունեն՝ ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»,- նշեց ԱԳ փոխնախարարը:
Սահմանային լարմանն անդրադառնալով՝ Քոչարյանը նշեց, որ ցանկացած փորձ հարցն ուժային լուծելու միայն խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին:
«Այդ տեսակետից Ադրբեջանի վերջին քայլը, իհարկե, ավելի է հեռացնում այդ հեռանկարը»,- նշեց Քոչարյանը:
Իրավիճակի խորացումը կանխելու երկու միջոց կա՝ ըստ Շավարշ Քոչարյանի. առաջինն այն է, ինչ իրականացնում են մեր Պաշտպանության նախարարությունն ու բանակը, մյուսը դիվանագիտական ասպարեզում համարժեք ակտիվությունն է: